«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտնել է, որ «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը դեռ այնքան ուժեղ չէ, որ դասվի այնպիսի ֆուտբոլիստների շարքին, ինչպիսին Կրիշտիանու Ռոնալդուն և Լեո Մեսսին են:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ուելսցի վինգերը դարձել է 15 գոլի հեղինակ: Բեյլը ֆանտսատիկ գոլի հեղինակ դարձավ «Վեստ Հեմի» հետ խաղում, որն էլ օգնեց իր թիմին հաղթանակ տանել:
Թվիթերի իր էջում Ֆերդինանդը գրել է. «Մարդիկ, ովքեր համեմատում են Բեյլին Ռոնալդույի և Մեսսիի հետ, ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից: Բեյլը այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի երկու ուժեղագույն ֆուտբոլիստներից է, բայց… Նա դեռ չի հասել Մեսսիի և Ռոնալդույի մակարդակին: Նա դեռ պետք է նույն ոգով խաղա երկու-երեք տարի, որից հետո կարող եք խոսել այդ մասին: Այս մրցաշրջանում ես երկու անգամ խաղացել եմ նրա դեմ: Այնպես որ, գիտեմ՝ ինչ եմ ասում: Ռոնալդուն և Մեսսին արդեն 4-5 տարի է այլ մոլորակում են գտնվում»: