«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իրեն մեղավոր է զգում կիսապաշտպան Ջեկ Ուիլշերի վնասվածքի համար: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Ֆուտբոլիստի կոճի վնասվածքի պատճառով «զինագործները» մոտ մեկ ամիս մնացին առանց իրենց առաջատարի: Ջեկը չի կարողանա օգնել Անգլիայի ազգային հավաքականին:
-Հնարավոր է՝ նրան շատ եմ խաղացրել, սակայն միայն վերջին երկու հանդիպումներում: Դժվար է նրան հանգիստ տալը, քանի որ նա խառնվածքով հաղթող է: Երբ նրան հարցնում ես, թե ինչպես է նա, պատասխանում է՝ հիանալի:
Եթե նա վնասվածքների նման պատմություն չունենար, ապա կարող էր շարունակել խաղալ: Սակայն մասնագետն ասաց, որ նրան ընդմիջում է հարկավոր: Ընդմիջում, որ կկանխի վատագույնը: Վստահում ենք այն մարդկանց, ովքեր մասնագետ են իրենց ոլորտում և նրանք ասացին, որ Ջեկը պետք է կարճատև ընդմիջում վերցնի:
Հնարավոր է՝ փոքրիկ հանգիստը նրան կօգնի: Մենք դժկամորեն ենք դա անում, սակայն սա ճիշտ քայլ է,- հայտնել է Վենգերը: