Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ կարող է հեռանալ ակումբից հանուն այն վայրի, «որտեղ իրեն սիրում են»:
Ինչպես հայտնի է, Մոուրինյոն խոստացել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալ Անգլիա: Ժոզեն ֆավորիտ է «Չելսիի» հաջորդ մարզչի պաշտոնում, որտեղ մի քանի տարի հաջող աշխատել է:
«Բորուսիայի» հետ պատասխան խաղից հետո Մուորինյոն միայն կրակի վրա յուղ է լցրել՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք մնալու է «Ռեալում», թե ոչ:
-Հնարավոր է և ոչ: Ցանկանում եմ լինել այնտեղ, որտեղ մարդիկ սիրում են ինձ,- հայտնել է Ժոզեն:
Այնուհետև 50-ամյա պորտուգալացին մեկնաբանել է իր դիրքորոշումը՝ հայտնելով, որ տեղյակ է «Չելսիի» երկրպագուների զգացմունքների մասին:
-Գիտեմ, որ Անգլիայում ինձ սիրում են: Ինձ սիրում են երկրպագուները, մամուլը, նրանք անկեղծ ինձ հասկանում են, քննադատում և գովաբանում, երբ ես դրան արժանի եմ լինում:
Գիտեմ, որ ինձ սիրում են մի քանի ակումբների երկրպագուներ, մասնավորապես մեկի:
Դժվար կլինի որոշում կայացնելը, որովհետև ինձ դուր է գալիս իմ ներկայիս ակումբը, նրա նախագահը: Մենք ֆանտաստիկ թիմ ենք ստեղծել, որը պատրաստ է մեծ ձեռքբերումների: Այդ իսկ պատճառով ինձ համար դժվար է լինելու: Ինձ պետք են անկեղծություն և արդարություն: Մրցաշրջանի ավարտից հետո կկարողանամ կարծիքս հայտնել,- ավելացրել է մասնագետը: