«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդը և «Աստոն Վիլլայի» մարզիչ Ունայ Էմերին ճանաչվել են ԱՊԼ-ի ապրիլ ամսվա լավագույն խաղացող և տարվա լավագույն մարզիչ:
Ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում Հոլանդը Պրեմիեր լիգայի չորս խաղում խփել է վեց գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Նորվեգացի հարձակվողի ջանքերն օգնեցին «Սիթիին» շրջանցել «Արսենալին»։
Անցյալ ամիսը Հոլանդը սկսեց երկու դուբլով «Սաութհեմպտոնի» և «Լեսթերի» դեմ խաղերում, այնուհետև մեկական գոլ խփեց նաև «Արսենալին» և «Ֆուլհեմին»: Բոլոր չորս հանդիպումներում էլ «քաղաքացիները» հաղթել են ընդհանուր 13:3 հաշվով։
Սա երկրորդ անգամն է, որ Հոլանդը ճանաչվում է ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Նախկինում նա ստացել է այս մրցանակը 2022 թվականի օգոստոսին։
Էրլինգից բացի, ապրիլ ամսվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաև Քևին Դե Բրույնեն, Էբերեչի Էզեն, Ալեքսանդր Իսակը, Դիոգու Ժոտան, Դոմինիկ Սոլանկեն, Օլի Վաթկինսը և Քալում Ուիլսոնը։
Իսկ ամսվա լավագույն մարզիչ մրցանակին արժանացավ Էմերին, ում «Աստոն Վիլլան» ապրիլին հաղթեց իր յոթ հանդիպումներից հինգում և բարձրացավ լավագույն վեցնյակ:
Ապրիլին «առյուծներից» պարտություն կրածների թվում են «Չելսին» և «Նյուքասլը»: Էմերիի սաները պարտվեցին միայն «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ «Բրենտֆորդի» հետ հանդիպումը ավարտվեց ոչ-ոքիով։
51 ամյա իսպանացին, ով նախկինում աշխատել է Պրեմիեր լիգայում «Արսենալի» հետ, իր կարիերայում առաջին անգամ է ճանաչվում ամսվա լավագույն մարզիչ։ Նրանից բացի այս անգամ մրցանակին հավակնում էին նաև Խոսեպ Գվարդիոլան, Ռոյ Հոջսոնը, Էդդի Հաուն և Գարի Օ’Նիլը։
Հարկ է նաև նշել, որ Էմերին Դին Սմիթից հետո առաջին մարզիչն է, ով արժանացել է մրցանակին, «Վիլլան» մարզելու ընթացքում: