Եթե «Աստոն Վիլլան» մնա Պրեմիեր Լիգայում, ապա մտադիր է թիմում պահել հարձակվող Կրիստիան Բենտեկին և նրա հետ պայմանագիր կնքել ավելի լավ պայմաններով:
Բենտեկն անցած ամռանն է տեղափոխվել բելգիական «Գենկից» 7 մլն ֆունտով: Նա միանգամից դարձավ «Աստոն Վիլլայի» առաջատարներից մեկը: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա արդեն 18 գոլի հեղինակ է դարձել, իսկ անցած երկուշաբթի հեթ-տրիկ ձևակերպեց «Սանդերլենդի» հետ խաղում:
22-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են «Տոտտենհեմը», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»: Մինչդեռ The Guardian պարբերականը հայտնում է, որ «Վիլլան» չի պատրաստվում բաժանվել Կրիստիանից: Եթե ակումբը մնա Պրեմիեր Լիգայում հաջորդ մրցաշրջանում, ապա պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել ավելի լավ պայմաններով:
Ավելացնենք, որ մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ «Աստոն Վիլլան» գտնվում է 16-րդ հորիզոնականում՝ 5 միավորով առաջ լինելով 18-րդ տեղում գտնվող «Ուիգանից:» Ամենայն հավանականությամբ, «Վիլլան» կպահպանի տեղը անգլիական բարձրագույն առաջնությունում: