«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գոհ է իր թիմի ցուցադրած խաղից, չնայած որ թիմը մրցակցի հարկի տակ զիջեց Օլիմպիակոսին (2:1):
Եթե երեկ «Արսենալը» հաղթեր հունական ակումբին, ապա թիմը դուրս կգար Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ առաջին տեղով: Սակայն Վենգերը որոշել էր հանգիստ տալ իր հիմնական խաղացողներին և դաշտ էր դուրս բերել սկսնակ, երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր երբեք տեղ չեն գտնում մեկնարկային կազմում: Եվ ահա ֆրանսիացի մասնագետը գոհ է իր թիմից:
-Կարծում եմ` հետաքրքիր խաղ էր: Մենք առաջին խաղակեսը լավ անցկացրինք, սակայն երկրորդի համար մեզ չբավականացրեց ֆիզիկական ներուժը, քանի որ ֆուտբոլիստների մեծ մասը պատրաստ չէր այսպիսի մակարդակի: Թիմն ուներ երկու-երեք հնարավորություն գոլ խփելու, բայց չօգտագործեց դրանք,- ասել է Վենգերը ITV-ին տված հարցազրույցում:
Արսեն Վենգերի խոսքերով նույնիսկ կիսապաշտպան Ռոսիցկին, որը չէր խաղացել 6 ամիս, կարողացավ 45 րոպե փայլուն խաղ ցուցադրել:
-Սա այն արդյունքը չէ, որը մենք ուզում էինք, սակայն անձամբ ինձ մեր խաղը ոգևորեց,- նշել է մարզիչը: