«Արսենալը» սկսել է պաշտոնական բանակցությունները «Բարսելոնայի» հետ 31-ամյա հարձակվող Դավիդ Վիլյային ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Goal պարբերականը իր էքսկլյուզիվ հոդվածում:
Ինչպես հայտնում է պարբերականը, «Արսենալի» տնօրեններից մեկը՝ Դիկի Լոուն, որը պատասխանատու է ֆուտբոլիստների և նորեկների հետ պայմանագրերի համար, այս պահին գտնվում է Իսպանիայում:
Ավելի վաղ «Բարսելոնայի» ներկայացուցիչները հրապարակավ հայտնեցին, որ Արսեն Վենգերը կարող է մոռանալ Վիլյայի մասին: Մինչդեռ տրանսֆերային պատուհանի փակվելուն զուգահեռ կատալոնական ակումբը մեղմացել է, իսկ «զինագործների» գլխավոր մարզչի՝ փորձառու հարձակվողին ձեռք բերելու ցանկությունը մնում է առաջվա պես ուժեղ:
Պարբերականի տվյալներով Վիլյան շատ է հետաքրքրված «Էմիրեյթս» տեղափոխվելու գաղափարով: Այս պահին կողմերը քննարկում են փոխհատուցման արժեքը:
Ենթադրվում է, որ «Բարսան» կարող է ստանալ Վիլյայի համար 13.8 մլն ֆունտ: «Արսենալը» վճարելու է այդ գումարի միայն մի մասը, քանի որ կատալոնցիները մինչ այսօր ամբողջությամբ չեն վճարել իրենց լոնդոնցի գործընկերներին՝ Ֆաբրեգասին և Սոնգին ձեռք բերելու համար անցյալ տարի և դրանից մի տարի առաջ:
Անձամբ Դավիդն ամենայն հավանականությամբ «Արսենալում» կստանա շաբաթական 110 հազար ֆունտ աշխատավարձ, որն էլ նրան կդարձնի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Վենգերի թիմում:
Ավելացնենք, որ ավելի վաղ Արսեն Վենգերը հայտնել էր, որ կցանկանար ուժեղացնել հենց հարձակման գիծը: