«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Աքսել Տուանզեբեն ազատ գործակալի իրավունքով միացել է Չեմպիոնշիպը ներկայացնող «Իպսվիչին»:
Տուանզեբեն «Յունայթեդի» համակարգում էր ութ տարեկանից, բայց չստացավ հայրենի ակումբում հանդես գալու լիարժեք հնարավորություն՝ «կարմիր սատանաների» առաջին թիմում անցկացնելով ընդամենը 37 հանդիպում։
2018 թվականից ի վեր Աքսելը երեք անգամ գործուղվել է «Ասթոն Վիլլա», ինչպես նաև վարձավճարով հանդես է եկել «Նապոլիում» և «Ստոկում»՝ իր ամբողջ պոտենցիալը ոչ մի տեղ ցույց չտալով։
Տուանզեբեի պայմանագիրը «Յունայթեդի» հետ ավարտվել է հունիսին, և այժմ Աքսելը նոր տուն է գտել իր համար՝ մեկ տարվա պայմանագիր կնքելով «Իպսվիչի» հետ՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Նշենք, որ «Իպսվիչի» գլխավոր մարզիչն է Կիրան Մակկեննան, ում 25 ամյա անգլիացին շատ լավ գիտի «Յունայթեդում» համատեղ աշխատանքից։
«Իպսվիչը» այժմ Չեմպիոնշիպի երկրորդ տեղում է՝ առաջատար «Պրեստոնին» զիջելով մեկ միավոր: