Պրեմիեր լիգայի «Բորնմուտ»-«Լյուտոն» հանդիպումը դադարեցվել է, իսկ հետո հետաձգվել՝ հյուրերի ավագ Թոմ Լոքերի հետ կապված միջադեպի պատճառով:
Այս միջադեպը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսի միջնամասում, երբ ցուցատախտակին վառվում էր 1:1 հաշիվը:
Առանց որևէ այլ խաղացողի հետ բախման՝ Լոքերն ընկավ խոտածածկին։
Լոքերին պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից, իսկ BBC-ն հայտնում է, որ Թոմը գիտակցության է եկել հիվանդանոց տեղափոխվելուց առաջ։
Նման բան պատահեց Լոքերի հետ նախորդ մրցաշրջանում Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆի եզրափակչում «Կովենտրիի» դեմ խաղում: Հետո Թոմի մոտ ախտորոշվեց նախասրտերի ֆիբրիլացիա՝ հիվանդություն, որը կապված է սրտի անկանոն ռիթմի հետ:
Լոքերը նույնիսկ վիրահատվեց, բայց հետո բժիշկները թույլատրեցին վերադառնալ ֆուտբոլային խաղադաշտ:
Ավելացնենք, որ երկար դադարից հետո «Բորնմուտն» ու «Լյուտոնը» որոշել են չվերսկսել իրենց հանդիպումը, որի ճակատագիրն այժմ պետք է որոշի Պրեմիեր լիգան։