«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը վստահ է, որ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ և դեռ երկար տարիներ կմարզի «զինագործներին»:
Վենգերը լոնդոնյան ակումբը գլխավորում է արդեն 17 տարի, սակայն վերջին ութ տարում չի հաջողվում ոչ մի տիտղոս նվաճել: Ֆրանսիացու ներկայիս պայմանագիրը կլրանա 2014թ-ի ամռանը: Խոսվում է, որ Վենգերը կարող է հեռանալ:
Սակայն «Արսենալը» չի պատրաստվում կորցնել այդպիսի բարձրակարգ մասնագետին: Գազիդիսը վստահ է, որ 63-ամյա Վենգերը ցանկանում է շարունակել իր աշխատանքը:
-Մենք վստահ ենք, որ ֆանտաստիկ մարզիչ ունենք: Հուսով ենք, որ նա ուզում է անել այն, ինչ որ հիմա է անում: Նա դեռ բավական ամբիցիոզ է և ցանկանում է առաջ գնալ: Վենգերը տեսնում է ապագան և, կարծում եմ՝ ոգևորվում է:
Մենք հիանալի հարաբերություններ ունենք: Դրա համար հանգիստ և ճիշտ պահին մենք նոր պայմանագրի ստորագրման մասին հայտարարություն կանենք: Դա ներքին որոշում է, որը կընդունվի փակ դռների հետևում, որից հետո կլինի հայտարարությունը,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Գազիդիսը: