«Նյուքասլի» պաշտպան Դեն Բյորնը նոր պայմանագիր է կնքել իր ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Այժմ Բյորնը 70 հանդիպում է անցկացրել «Նյուքասլի» կազմում՝ միանալով «կաչաղակներին» «Բրայթոնից» 13 միլիոն ֆունտով 2022 թվականի հունվարին:
Նախորդ մրցաշրջանում 31 ամյա անգլիացին առանցքային դեր խաղաց «Նյուքասլի» Չեմպիոնների լիգայի որակավորման համար մղվող պայքարում և այս մրցաշրջանում ոչ-մի րոպե բաց չի թողել:
Բացի այդ, Բյորնն այս մրցաշրջանում արդեն երկու գոլ է խփել՝ տխրեցնելով «Շեֆիլդ Յունայթեդին» և «ՊՍԺ»-ին: Անցած ամբողջ մրցաշրջանի ընթացքում Դենը կարողացել էր նույն քանակի գոլ խփել ինչ այժմ։
Հարկ է նշել, որ Բյորնը մանկուց երկրպագել է «Նյուքասլին», որի ակադեմիայից հեռացվել էր 11 տարեկանում։ Դենը նաև Սենտ Ջեյմս Պարկում աբոնեմենտի սեփականատեր էր:
«Այս ակումբում խաղալը և նոր պայմանագիր ստորագրելը նշանակում է ամեն ինչ ինձ համար: Երբ ես եկա այստեղ, ասացի, որ չեմ ուզում լինել միայն ժամանակավոր լուծում, որը կօգնի մեզ խուսափել անկումից: Ես ուզում էի երկար ժամանակ մնալ այստեղ»:
«Այսպիսով, սա ավելի մեծ ձեռքբերում է, քան առաջին հերթին այստեղ գալը: Ես երջանիկ եմ և անհամբեր սպասում եմ հաջորդ երկու սեզոններին», – ասել է Բյորնը: