«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ Դևիդ Մոյեսը բացառել է Ուեյն Ռունիին վաճառելու տարբերակը:
Ինչպես արդեն հայտնի է, մայիսին Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնեց, որ Ռունին հանդես է եկել իրեն վաճառելու խնդրանքով: Այդ պահից խոսակցություններ սկսեցին, որ 27-ամյա անգլիացին կհեռանա «Օլդ Թրաֆորդից»: Ուեյնին մեկ ուղարկում էին «Արսենալ», մեկ՝ «Չելսի», անգամ «ՊՍԺ» և «Բավարիա»:
Սակայն այսօր Մոյեսը, ով Ռունիի հետ աշխատել է նաև «Էվերթոնում», հայտնեց, որ Անգլիայի հավաքականի հարձակվողը չի վաճառվում:
-Փաստ է, որ Ուեյնը չի վաճառվում: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է և կշարունակի խաղալ այստեղ: «Յունայթեդը» չի վաճառում Ռունիին:
Ես մի քանի հանդիպում եմ ունեցել նրա հետ: Նա հիանալի է մարզվում և կվերադառնա լավ մարզավիճակով,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Goal-ը: