«Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին միացավ Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» ակումբին։ Տրանսֆերը գնահատվում է 18 մլն եվրո (15,5 մլն ֆունտ):
Մենդին «Չելսիում» է հանդես գալիս 2020 թվականին «Ռենից» տեղափոխվելուց հետո: Սթեմֆորդ Բրիջում անցկացրած երեք մրցաշրջաններում Էդուարը մասնակցել է 105 հանդիպում, որոնցից 49-ում իր դարպասը կարողացել է պահել անառիկ։
Մենդին իր առանցքային դերը ունեցավ Չեմպիոնների լիգայում «Չելսիի» հաղթանակի ճանապարհին: 31 ամյա սենեգալցին «ազնվականների» հետ նվաճել է նաև Եվրոպայի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի կոչումը։
Մենդին անցած մրցաշրջանը մեկնարկեց որպես թիմի հիմնական դարպասապահ, բայց շուտով դարձավ Կեպա Արիզաբալագայի փոխարինողը, որը չնպաստեց Էդուարի և «Չելսիի» բանակցություններին նոր պայմանագրի շուրջ:
Ի վերջո, որոշվեց, որ Մենդին կհեռանա «Չելսիից» և կարիերան կշարունակի «Ալ Ահլիում», որի հետ Էդուարը կնքեց երեք տարվա պայմանագիր։