«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ ցանկանում է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում հանդիպել Դիդիե Դրոգբայի «Գալաթասարային»:
Կոտ դը Իվուարի ազգային հերոսը 8 տարի պաշտպանել է լոնդոնյան ակումբի գույները: 2012թ-ի մայիսին Դրոգբան «կապույտներին» պարգեց Չեմպիոնների Լիգայի գավաթ:
Այժմ 35-ամյա իվուարցին հանդես է գալիս թուրքական «Գալաթասարայում», որը, ինչպես և «Չելսին», Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի ուղեգիր է նվաճել:
-Նա արժանի է վերադառնալ «Ստեմֆորդ Բրիջ»: Այո, «Գալաթասարայի» դեմ դժվար կլինի, սակայն ես ցանկանում եմ, որ Դիդիեն գա այստեղ և զգա այն, ինչ ես եմ զգացել՝ վերադառնալով այստեղ,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: