«Ուիգանի» պաշտպան Իվան Ռամիսը բաց է թողնելու մրցաշրջանի մնացած մասը: Նա վնասվածք է ստացել շաբաթ օրը կայացած «Ֆուլհեմի» հետ խաղում (1:1):
Այդ հանդիպման վերջնամասում Ռամիսը ընդհարվեց «Ֆուլհեմի» հարձակվող Դիմիտար Բերբատովի հետ: Բժիշկները ստիպված եղան նրան պատգարակով տանել: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ պաշտպանը մինչև մրցաշրջանի ավարտը չի կարող օգնել իր թիմին:
-Սա մեծ հարված է մեզ համար, որովհետև Իվանը մեր հիմնական ֆուտբոլիստներից մեկն է: Միևնույն ժամանակ կարող ենք հանգիստ շունչ քաշել, որովհետև կարծում էինք` վնասվածքն ավելի լուրջ է:
Ամենակարևորն այս պահին Իվանի առողջությունն է: Մենք պետք է մտածենք նրան վիրահատելու մասին, իսկ նա` արագ ապաքինվելու:
-Ակումբը կանի ամեն ինչ, որպեսզի նա ստանա բժշկական լավագույն օգնությունը և վերադառնա նախկին մարզավիճակին,- հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը:
Հիշեցնենք, որ 28-ամյա իսպանացին «Ուիգան» է տեղափոխվել անցած ամառ «Մալյորկայից»: Այս ընթացքում նա անցկացրել է 19 հանդիպում և խփել երեք գնդակ: