«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը մերժել է «Էվերթոնի»` 3 տարվա պայմանագրի առաջարկը, սակայն առաջվա պես պատրաստվում է հեռանալ «Սթեմֆորդ Բրիջից» այս մրցաշրջանի ավարտից հետո:
Goal պարբերականի հաղորդմամբ «Չելսիի» ղեկավարությունը հայտնել է 34-ամյա անգլիացուն, որ ոչ մի դեպքում պայմանագիրը չի երկարաձգելու: Լեմպարդն այժմ ստանում է շաբաթական 150 հազար ֆունտ աշխատավարձ և ակումբում խաղում է արդեն 12 տարի:
«Էվերթոնը», ցանկանալով օգտվել ստեղծված իրավիճակից, Լեմպարդին առաջարկել է 3 տարվա պայմանագիր, սակայն ֆուտբոլիստը մերժել է: Հայտնի է, որ Ֆրենկի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալն» ու «Տոտտենհեմը»:
Անձամբ Լեմպարդը չի ցանկանում տեղափոխվել այլ անգլիական ակումբ: «Չելսիից» հեռանալու դեպքում նա ցանկանում է մեկնել «Լոս Անջելոս Գալաքսի»:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լեմպարդը խփել է արդեն 10 գնդակ: