Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն չեմպիոնական պայքարի ֆավորիտներից «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»:
Ֆուտբոլային շատ մասնագետների կարծիքով, այս խաղում կորոշվի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնը: Կողմերից մեկի հաղթանակի դեպքում նա չեմպիոնական լուրջ հայտ կներկայացնի, իսկ ոչ ոքի արդյունքի դեպքում կմեծանա «Չելսիի» շանսերը: Այս պահին 74 միավորով աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը», սակայն կորցրած միավորներով առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որը երկու խաղ պակաս է անցկացրել:
Այսօր միմյանց դեմ դաշտ դուրս կգան առաջնության ուժեղագույն հարձակողական գիծ ունեցող թիմերը: «Սիթին» 31 խաղում խփել է 84, «Լիվերպուլը» 33 խաղում՝ 90 գնդակ: Խաղից առաջ մամլո ասուլիսի ժամանակ երկու թիմերի մարզիչներն էլ հայտնել են, որ դաշտ են դուրս գալու միայն հաղթանակի համար, այնպես որ մեզ դիտարժան պայքար է սպասվում:
Ընդհանուր առմամբ թիմերը հանդիպել են 168 անգամ և առավելությունը մերսիսայդցիների կողմն է, որոնք հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 81-ում, 44 անգամ թիմերը բաժանվել են խաղաղությամբ և միայն 43 խաղում են հաղթել «քաղաքայինները»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:37-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:2: