«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ցուցակը։ Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա բելգիացին մերժեց պայմանագիրը «Էվերթոնի» հետ երկարաձգելու առաջարկը։ Հետագայում Ռոմելուն ակնարկեց, որ մտադիր է փոխել ակումբը և գնալ իր կարիերայում նոր մարտահրավերների։
Ինչպես հաղորդում է The Guardian֊ը, Լուկակուի համար հաջողության հասնելու հարթակ կարող է լինել «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ռոմելուին արդեն ներառել է իր տրանսֆերային ցուցակում։
Չնայած, որ չորս տարի առաջ հենց պորտուգալացին Լուկակուին վաճառեց «Չելսիից», Մոուրինյոն վստահ է, որ բելգիացին կարող է փոխարինել Զլատան Իբրահիմովիչին, ում կարիերան, ամենայն հավանականությամբ, ավարտված է «Օլդ Թրաֆորդում»։
Աղբյուրի հաղորդմամբ, գործարքի կայացման միակ խոչընդոտը կարող է լինել Չեմպիոնների Լիգայի ուղեգրից «Յունայթեդի» զրկվելը։ Այդ պարագայում Լուկակուի համար պայքարում ֆավորիտ կդառնա իր նախկին ակումբ «Չելսին»։