«Լիվերպուլի» կիսապաշտպան Լուկաս Լեյվան դրական պահեր է տեսնում Լուիս Սուարեսի որակազրկման մեջ և կարծում է, որ իր թիմակիցը կվերադառնա ավելի ուժեղ, քան նախկինում է եղել:
Շատ է խոսվում այն մասին, որ որակազրկման պատճառով «Լիվերպուլը» կարող է վաճառել ուրուգվայցուն: Մինչդեռ Լուկասը հույս ունի, որ Լուիսը կմնա:
-Որպես խաղացողներ՝ մենք բոլորս էլ աջակցում ենք նրան: Նա ակումբի համար կարևոր խաղացող է և այն մարդն է, ում պետք է օգնենք: Լուիսի հետ չեմ քննարկել նրա ապագան: Մենք այդ մասին չենք խոսել: Դա իր անձնական կյանքն է: Չգիտեմ, թե նա ինչ է որոշել, սակայն նա պայմանագիր ունի:
Այն փաստը, որ «Սեյնտ Ջեյմս Պարկում» երկրպագուները երգում էին Սուարեսի անունը, միայն ցույց է տալիս նրանց սերը Լուիսի նկատմամբ: Իհարկե, նա նույնպես սիրում է այս ակումբը: Բոլորս էլ հույս ունենք, որ Լուիսը հաջորդ մրցաշրջանում էլ կլինի «Լիվերպուլի» ֆուտբոլիստ:
Կատարվածից հետո գրեթե ամեն օր Լուիսի կողքին եմ եղել: Այժմ նա լավ է: Նա գիտի, որ բաց է թողնելու մի քանի հանդիպում, սակայն կվերադառնա ավելի ուժեղ: Լուիսը փորձում է վերադառնալ՝ որպես ավելի ուժեղ ֆուտբոլիստ և լավագույն մարդ, եթե դա հնարավոր է,- հայտնել է Լեյվան: