Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Մատան խոստովանել է, որ շատ ուրախ է տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո «Չելսիում» մնալու համար:
Բազմաթիվ լուրերի համաձայն, այս ամառ 25-ամյա Մատային իրենց շարքերում ցանկանում էին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդը», «Վալենսիան» և «Արսենալը»: Այդ ամենի պատճառն այն էր, որ Խուանին չէր վստահում «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով նրան ոչ մի խաղում մեկնարկային կազմ դուրս չի բերել:
Սակայն տրանսֆերային պատուհանը փակվել է, իսկ Մատան մնացել է «Սթեմֆորդ Բրիջում»: Խուանն այս առիթով չի տխրում:
-Կարծում եմ` նորմալ է, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում տարբեր լուրեր են պտտվում, սակայն ես երջանիկ եմ, որ մնացել եմ այստեղ: Ես այստեղ երկու հրաշալի մրցաշրջաններ եմ անցկացրել, հնարավոր է` իմ կարիերայի լավագույն մրցաշրջանները: Հույս ունեմ, որ ընթացիկ մրցաշրջանը ևս այդպիսին կլինի:
Ես ցանկանում եմ այնքան տիտղոս նվաճել, որքան այս երկու տարիների ընթացքում, և ես հույս ունեմ, որ այս մրցաշրջանը ևս մեզ համար լավ կդասավորվի,- Chelsea TV-ին տված հարցազրույցում հայտնել է Մատան: