«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ «Աստոն Վիլլայից» կրած պարտությունը Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարում չի փոքրացնում իր թիմի շանսերը:
Մանչեսթերյան դերբիում «Յունայթեդի» նկատմամբ տարած գեղեցիկ հաղթանակից հետո «քաղաքայիններն» անսպասելիորեն զիջեցին բիրմինգհեմցիներին: Եվ չնայած «Սիթիի» մեկնարկն այս մրցաշրջանում չես համարի հաջող, Պելեգրինին չի հրաժարվում տիտղոսի համար պայքարից:
-Ճիշտ է, որ Պրեմիեր Լիգան տարբերվում է եվրոպական մյուս առաջնություններից, այդ պատճառով էլ մրցաշարային աղյուսակում ցածր հորիզոնականներ զբաղեցնող ակումբները երբեք չեն հանձնվում: Սակայն դա այն է, ինչին ես պատրաստ էի, և ինչը ես տեսնում եմ ամեն շաբաթ:
Այս խաղով, որը մենք ցուցադրում ենք, ես վստահ եմ, որ մենք կպայքարենք մրցանակի համար: Իհարկե պարտությունը հիասթափեցնում է, քանի որ ամեն ինչ մեր հսկողության տակ էր:
Միևնույն ժամանակ, ես չեմ կարծում, որ մենք այլ խաղ ցուցադրեցինք «Յունայթեդի» դեմ խաղի հետ համեմատած: Մենք նույն խաղը ցուցադրեցինք, ուղղակի տարբերությունը գոլերի մեջ է,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: