«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատեց գլխավոր մարզչի պաշտոնից Դևիդ Մոյեսի հեռացման մասին լուրը:
«Յունայթեդի» ղեկավարները որոշեցին չսպասել մինչև մրցաշրջանի ավարտը և վաղաժամ խզեցին շոտլանդացի մասնագետի 6-ամյա պայմանագիրը: Մոյեսն «Օլդ Թրաֆորդում» աշխատեց 9 ամսից քիչ ավել: Հիշեցնենք, որ «Յունայթեդի» սեփականատեր հանդիսացող Գլեյզերների ընտանիքը դեռևս փետրվարին էր ընդունել Մոյեսին հեռացնելու որոշումը:
«Ակումբը ցանկանում է Մոյեսին շնորհակալություն հայտնել իր քրտնաջան աշխատանքի և ազնվության համար»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է Press Asociation-ը, մրցաշրջանի մնացած խաղերում գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Ռայան Գիգգսը, իսկ նրան կօգնի Նիկկի Բատտը: Սպասվում է, որ Մոյեսը որպես փոխհատուցում կստանա 4.5 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ ամռանը Մոյեսը գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը», որը նախորդ մրցաշրջանում 11 միավորի առավելությամբ հաղթեց առաջնությունում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ գործող չեմպիոնը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: