«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին քննադատել է Բելգիայի ազգային հավաքականի մարզիչ Մարկ Վիլմոտսին, ով Մակեդոնիայի հետ խաղում դաշտ էր հանել «քաղաքայինների» ավագ Վենսան Կոմպանիին:
Կոմպանին արդեն երկու ամիս է՝ չի կարողանում օգնել «Սիթիին» սրունքի մկանների վնասվածքի պատճառով: Այդ ժամանակահատվածում Վենսանը հրավիրվեց ազգային հավաքական և երեքշաբթի օրը խաղաց մակեդոնացիների դեմ 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:
Մանչինին կարծում է, որ այս որոշումը շատ ռիսկային էր:
-Նա չի խաղում մեր կազմում 60 օր, իսկ այնուհետև մեկնում է Բելգիայի ազգային հավաքական և դաշտ դուրս գալիս: Համաձայն չեմ դրա հետ, և ինձ թվում է, որ ազգային հավաքականների մարզիչները երբեմն պետք է հասկանան իրավիճակը:
Այս ֆուտբոլիստը խաղում է ակումբում, և հենց ակումբն է նրան ամսական վճարում: Չգիտեմ՝ ամեն ինչ նորմալ է նրա հետ, թե ոչ: Հավաքականի հետ խաղից մեկ շաբաթ առաջ նա պատրաստ չէր՝ խաղալու մեր կազմում,- հայտնել է Մանչինին: Sky Sports