«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նանին ոչ միայն կմնա թիմում, այլև նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ:
Ինչպես հայտնում է Goal-ը, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը 26-ամյա պորտուգալացուն հատուկ դեր է տալու հաջորդ մրցաշրջանում, և չնայած վերջին անհաջող մրցաշրջանին, Նանին մնում է փորձառու և ընդունակ ֆուտբոլիստ:
Նանիի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ, և ակումբը` Մոյեսի պնդմամբ, պատրաստվում է նոր առաջարկ ներկայացնել ֆուտբոլիստին: Դևիդը պորտուգալացուն խոստացել է, որ նա նոր մրցաշրջանում ավելի հաճախ խաղադաշտ դուրս կգա:
Հավելենք, որ Նանին չի մեկնել թիմի հետ շրջագայության քթի վիրահատության պատճառով: Սակայն վերականգնումն արդեն ավարտված է, և կիսապաշտպանն այս շաբաթ կմիանա մարզմանն ընդհանուր խմբի հետ: