«Նյուքասլը» համաձայնության է եկել «Մարսելի» հետ՝ թիմի հարձակվող Լոիկ Ռեմիի տրանսֆերը ձեռք բերելու համար: Տեղափոխությունը անգլիական ակումբի համար կարժենա 8 մլն ֆունտ: Ֆուտբոլիստը արդեն մեկնել է Անգլիա:
Ինչպես հաղորդում է BBC-ն, կիրակի օրը Ռեմին մեկնել է «մառախլապատ ալբիոն»՝ բուժզննում անցնելու և պայմանագիր ստորագրելու համար: Սպասվում է, որ տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի առաջիկա 48 ժամերի ընթացքում:
Ակնհայտ է, որ Ֆրանսիայի ազգային հավաքաականի 26-ամյա ֆուտբոլիստին «կաչաղակների» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն տեսնում է որպես Դեմբա Բային փոխարինող:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Քուինս Պարկ Ռեյնջերսը»:
«Մարսելի» կիսապաշտպան Ջո Բարտոնը, ով նախկինում խաղացել է «Նյուքասլում», իր թվիթերյան էջում գրել է հետևյալը. «Հաջողություն Ռեմիին «Նյուքասլում»: Մի անհանգստացեք, ես նրան արդեն ասել եմ ինչ սպասել այս տրանսֆերից: Նա հիանալի երիտասարդ է: Նրա համար էլ սա հիանալի ակումբ է»: