«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ավարտին է հասցրել կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերի և Մորգան Շնայդերլինի տրանսֆերները: «Բավարիայի» և «Սաութհեմպտոնի» ֆուտբոլիստները երեք և չորս տարվա պայմանագրեր են ստորագրել, համապատասխանաբար:
2002 թվականի նոյեմբերին «Բավարիայում» նորամուտը նշելուց հետո Բաստիանը մյունխենյան ակումբում մասնակցել է ավելի քան 500 խաղի՝ դառնալով 70 գոլի հեղինակ: Այդ ընթացքում Շվայնշտայգերը 20 մեծ տիտղոս է նվաճել, որից 8-ը՝ Բունդեսլիգայի չեմպիոնություն: 2014 թվականին ֆուտբոլիստը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը լավ ճանաչում է 30-ամյա Շվայնշտայգերին, ում հետ աշխատել է «Բավարիայում» և կասկածներ չունի, որ գերմանացին «Յունայթեդն» ավելի ուժեղ կդարձնի:
-Իհարկե, Բաստիանն ինձ համար նորեկ չէ: Ես նրա հետ աշխատել եմ «Բավարիայում», և այժմ իսկապես ուրախ եմ, որ նա միացել է մեզ: Նրա վիճակագրությունը խոսում է ամեն ինչի մասին,- ասել է վան Գալը:
«Յունայթեդը» կիսապաշտպանությունն ուժեղացրել է նաև 25-ամյա Շնայդերլինի միջոցով, ով Պրեմիեր Լիգայի լավագույն հենակետային կիսապաշտպաններից է: Մորգանը «Սաութհեմպտոնում» էր 2008 թվականից:
-Մորգանը տաղանդավոր ֆուտբոլիստ է և մեծ կարողություններ ունի: Ուրախ եմ, որ կարողացանք գործարքն ավարտին հասցնել Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ,- ասել է հոլանդացի մասնագետը:
Ավելացնենք, որ Շվայնշտայգերի տրանսֆերը գնահատվում է 15 մլն ֆունտ, իսկ Շնայդերլինինը՝ 25 մլն: