«Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը ուրախ է, որ նոր պայմանագրի կնքումից հետո կարող է հանգստանալ և այլևս ուղեղը չծանրաբեռնել ապագայի մասին մտքերով:
23-ամյա անգլիացին խոստովանում է, որ ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսին այնքան էլ իրեն լավ չէր զգում լոնդոնյան ակումբում: Աշնանը Արսեն Վենգերը սպառնացել էր, որ նոր պայմանագրի հետ կապված բարդությունները կարող են անդրադառնալ Թեոյի խաղային ժամանակի վրա: Ֆուտբոլիստն ուրախ է, որ այս ամենն արդեն անցյալում է:
-Ես շատ գոհ եմ: «Չելսիի» հետ խաղից դեռ երեք հանդիպում առաջ ամեն ինչ գործնականում համաձայնեցվել էր: Դա իմ ուղեղում էր երկար ժամանակ, որովհետև գործարքը մոտ էր:
Դժվար էր խաղալ և այդ մասին չմտածել, բայց ես փորձում էի ամբողջ ուժով և հուսամ՝ բոլորն էլ գոհ մնացին նրանից, ինչ ինձ մոտ ստացվեց:
Միշտ էլ ցանկացել եմ մնալ և ուրախ եմ, որ կարողացանք ակումբի հետ համաձայնության գալ: Իմ ապագայի հետ կապված շատ բամբասանքներ էին պտտվում, բայց ես գոհ եմ, որ հարցը լուծվեց: Հիմա պետք է կենտրոնանալ ապագայի վրա,- ասել է Ուոլկոտը: Evening Standard