Պրեմիր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» կհյուրընկալի «Մանչեսթեր Սիթիին»:
Միմյանց կհանդիպեն մրցաշարային աղյուսակի երկու հարևաններ, որոնց ընդամենը 1 միավոր է բաժանում: Այս հանդիպումը նաև Մադրիդի «Ռեալի» երկու նախկին մարզիչների առաջին դիմակայությունը կլինի Անգլիայում, ովքեր նախորդ մրցաշրջանում Իսպանիայից տեղափոխվեցին մառախլապատ Ալբիոն: Այս երկու մարզիչների դիմակայությունում ավելի հաջողակ է գտնվել պորտուգալացի մասնագետը, սակայն այս անգամ Պելեգրինիի թիմը ոչնչով չի զիջում Մոուրինյոյի թիմին:
Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» հաղթել է Պրեմիեր Լիգայի բոլոր տնային հանդիպումներում: Բացի այդ, «կապույտները» ընթացիկ մրցաշրջանի խաղերում 1 գոլից ավել բաց չեն թողել և հաղթել են բոլոր այն խաղում, որոնցում բացել են հաշիվը:
«Սիթին» միայն նախորդ տուրում կարողացավ տանել ընթացիկ մրցաշրջանում իր առաջին արտագնա հաղթանակը և այդ հաղթանակը դարձավ 4-րդը Պրեմիեր Լիգայի վերջին 12 արտագնա խաղերում: «Սիթին» այս պահին առաջնության ամենաարդյունավետ թիմն է: «Քաղաքայինները» 8 տուրում 20 գնդակ են խփել:
Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 145 անգամ և առավելությունը «կապույտների» կողմն է: «Չելսին» հաղթել է 59 խաղում, 37 անգամ թիմերը միավոր են կիսել, իսկ 49 անգամ ուժեղ են գտնվել մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստները:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին:
Մեր կանխատեսում՝ 2:1: