«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր ալ-Հելաիֆին ժխտել է լուրերն այն մասին, թե իրենք հարցում են արել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի վերաբերյալ:
Ռունիի հեռանալու մասին լուրերն սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ վերջինս հայտնվեց պահեստայինների նստարանին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» հետ հանդիպմանը: Այդ ժամանակ մամուլը հայտնեց, որ ֆրանսիական ակումբը գլխավոր հավակնորդն է:
-Ռունին մեծ ֆուտբոլիստ է, աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Կարծում եմ, որ յուրաքանչյուրն էլ կցանկանար նրան տեսնել իր թիմում: Սակայն եթե դուք փաստեր եք ուզում, ապա կարող եմ ասել, որ մենք ոչ մի հարցում էլ չենք արել նրա վերաբերյալ,- հայտնել է ալ-Հելաիֆին:
Բացի այդ «ՊՍԺ»-ի նախագահը ստիպված էր մեկնաբանել լուրերն այն մասին, թե ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է նշանակվել «Արսենալի» ներկայիս գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
-Արսեն Վենգերը հիասքանչ մարզիչ է, ով մեծ աշխատանք է կատարում «Արսենալում»:
Մինչդեռ նա դեռ մեկ տարվա պայմանագիր ունի, և ես ենթադրում եմ, որ նա կմնա «Արսենալում»: Իհարկե, ես չեմ կարող խոսել նրա անունից, և չգիտեմ, թե նա ինչ կորոշի, բայց մենք Կարլո Անչելոտի ունենք և գոհ ենք նրա աշխատանքից,- ավելացրել է նա: