Ֆրանսիական Le Perisen պարբերականը հաղորդում է, որ ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը, ով, ամենայան հավանականությամբ, հունվարին հասանելի կլինի վարձակալության համար:
Յանուզայով ֆրանսիական ակումբը հետաքրքրված էր դեռ նախորդ մրցաշրջանում, երբ Ադնանը նոր պայմանագիր չէր ստորագրել «կարմիր սատանաների» հետ: Ինչպես երևում է, ՊՍԺ-ն պատրաստվում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկին ձեռք բերելու ևս մեկ փորձ կատարել:
ՈՒԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու պատճառով Լորան Բլանի թիմը չի կարողանա ֆուտբոլիստներ գնել, ուստի նրանք դիտարկում են վարձակալության տարբերակները: Փարիզ տեղափոխվելու դեպքում 19-ամյա բելգիացին հնարավորություն կունենա խաղալու Չեմպիոնների Լիգայում, ինչպես նաև պայքարելու Լիգա 1-ի չեմպիոնության համար, որտեղ այժմ ՊՍԺ-ն երկրորդ հորիզոնականում է:
Ադնանի համար ՊՍԺ-ի հետ կարող են պայքարի մեջ մտնել «Ռեալ Սոսյեդադը» և «Ինտերը»: