«Էվերթոնը» հաստատել է «Լիդսի» եզրային հարձակվող Ջեք Հարիսոնին վարձավճարով ձեռք բերելու մասին։
Նախօրեին Հարիսոնը բուժզննում էր անցել «Էվերթոնում», և հենց այդ պահին լուրեր էին պտտվում, որ Ջեքին կարող է հափշտակել «Աստոն Վիլլան»:
Խոսվում էր, որ «Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին անձամբ է զանգահարել Հարիսոնին, բայց բիրմինգհեմցիներին շփոթեցրել է այն փաստը, որ Ջեքը ներկայումս բացակայում է ազդրի վնասվածքի պատճառով և պատրաստ չէ անմիջապես փոխարինել Էմիլիանո Բուենդիային, ով շարքից դուրս է մնացել մի քանի ամիսով:
Արդյունքում 26 ամյա անգլիացին տեղափոխվեց «Էվերթոն», որի կազմում դարձավ այս տրանսֆերային պատուհանի չորրորդ նորեկը՝ Առնո Դանջումայից, Էշլի Յանգից և Յուսեֆ Շերմիտիից հետո։
Sky Sports-ը ակնկալում է, որ Հարիսոնը, ով 2018 թվականից հանդես է գալիս «Լիդսում», ամբողջությամբ կվերականգնվի երեք-չորս շաբաթից: