«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի պատրաստվում խաղացնել Ջոն Թերրիին և Ֆրենկ Լեմպարդին կիրակի օրը կայանալիք Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ընթացքում: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:
Դեռ վերջերս անհնար էր պատկերացնել նմանատիպ իրավիճակ: Լեմպարդը «Ուեմբլի» մարզադաշտում մասնակցել է «ազնվականների» վերջին 11 հանդիպումներին հենց մեկնարկային րոպեներից:
Ռոման Աբրամովիչի օրոք Ֆրենկը մասնակցել է 34 տարբեր կիսաեզրափակիչներից և եզրափակիչներից 32-ին: Նա բաց է թողել 2008 թվականի Լիգայի գավաթի երկու կիաեզրափակիչները մեջքի վնասվածքի պատճառով: Թերրին այդ հանդիպումներից 27-ին է մասնակցել:
Մինչդեռ Բենիտեսի գլխավորությամբ ամեն ինչ փոխվել է: Լեմպարդն, ում պայմանագիրը լրանում է այս ամառ, և Թերրին, ով վերջերս է ապաքինվել ծանր վնասվածքից, այլևս չեն համարվում հիմնական կազմի խաղացողներ:
Երկու վետերաններն այս անգամ էլ կհայտնվեն պահեստայինների նստարանին: Բենիտեսը շարունակում է ռոտացիա կատարել, և կիրակի օրը պատրաստվում է վստահել այլ խաղացողների: