Մադրիդի «Ռեալը» պատրաստ է տրանսֆերային նոր ռեկորդ սահմանել դարպասապահի համար և 100 մլն եվրո (79 մլն ֆունտ) առաջարկել «Չելսիի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի համար։
Ընդամենը մեկ օր առաջ Տիբոն յուղ լցրեց կրակին՝ հայտնելով, որ վստահ չէ իր ապագայի հարցում։ «Կապույտների» անորոշ հեռանկարները կապված նոր մարզչի և Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանին իրենցից մասնակցության հետ, Կուրտուային ստիպել է մտածել ակումբը փոխելու մասին։
Իսպանական AS պարբերականի հաղորդմամբ, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է ահռելի գումարներ ծախսել 23-ամյա Կուրտուայի համար, ով «Ատլետիկոյում» խաղալու ժամանակ երեք փայլուն մրցաշրջան անցկացրեց Լա Լիգայում։
Նախորդ ամառ Դավիդ դե Խեայի տրանսֆերի հարցում համաձայնության չգալուց հետո համաշխարհային մակարդակի դարպասապահի հարցը մնում է առաջնային «արքայական ակումբի» համար, չնայած որ ընթացիկ մրցաշրջանում վստահ ելույթներ է ունենում Կեյլոր Նավասը։
Պերեսին հայտնի է, որ Լա Լիգայում, Իսպանիայի գավաթում, Եվրոպայի լիգայում և Եվրոպայի սուպերգավաթում խաղացած Կուրտուան իրեն հարմարավետ է զգում Մադրիդում, որտեղ նա հաճախ է այցելում ազատ ժամանակ։ Տիբոն այնտեղ ունի սեփական բնակարան, իսկ նրա ընկերուհին իսպանացի է։
Ավելացնենք, որ եթե այս տրանսֆերը կայանա, ապա Կուրտուան կդառնա աշխարհի ամենաթանկ դարպասապահը։ Առայժմ այդ կոչումը պատկանում է Ջանլուիջի Բուֆոնին, ում համար «Յուվենտուսը» 2001 թվականին «Պարմայի» 54 մլն եվրո վճարեց։