«Ուիգանի» վինգեր Ռյո Միյաչին ամենայն հավանականությամբ վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:
Անցած շաբաթ օրը «Ուիգանը», հյուրընկալվելով «Էվերթոնին», 0:3 հաշվով հաղթանակ տոնեց և դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ: Միյաչին այս հանդիպմանը փոխարինման դուրս եկավ, սակայն չխաղաց մինչև վերջ: Նա վնասվածք ստացավ՝ բախվելով գովազդային վահանակին:
Հիշեցնենք, որ 20-ամյա ճապոնացին «Արսենալի» ֆուտբոլիստ է, սակայն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ուիգանում»: Արժի ընդունել, որ մրցաշրջանն անհաջող է Միյաչի համար: Երեք ամիս նա բացակայում էր կոճի վնասվածքի պատճառով և վերջերս էր դաշտ վերադարձել:
Ակումբի թվիթերյան էջը հայտնում է, որ բուժզննման վերջնական արդյունքները դեռ հայտնի չեն: Սակայն գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կարծում է, որ մրցաշրջանն ավարտված է Ռյոյի համար: