«Արսենալի» պաշտպան Վիլյամ Սալիբան հայտարարել է, որ ցանկանում է իր դիրքում դառնալ լավագույնն աշխարհում, ինչպես նաև հաղթել Պրեմիեր լիգայում և այլ մրցաշարերում:
22 տարեկանում Սալիբան արդեն համարվում է «Արսենալի» առանցքային խաղացողներից՝ անմիջապես ամրապնդելով իր տեղը «զինագործների» մեկնարկային կազմում՝ նախորդ մրցաշրջանի սկզբում իր նորամուտը նշելուց հետո:
Սակայն Սալիբան չի պատրաստվում դրանով կանգ առնել և իր առջև անհատական նպատակներ է դնում։
«Մենք բոլորս մարտիկներ ենք: Ես խաղում եմ աշխարհի լավագույն թիմերից մեկում, այնպես որ, իհարկե, իմ երազանքն է դառնալ աշխարհի լավագույն պաշտպանը:
Ես գիտեմ, որ պետք է քրտնաջան աշխատեմ իմ խաղը բարելավելու համար, բայց ես ունեմ ճիշտ կազմ, ճիշտ միջավայր զարգանալու համար, այնպես որ ես կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի մի օր դառնամ աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը:
Ես տարիներ շարունակ դիտում եմ հիանալի պաշտպանների խաղը: Ոչ շատ վաղուց ես դիտեցի Վան Դեյկի բազմաթիվ տեսանյութեր, իսկ հիմա խաղում եմ նույն ոճով: Ես դեռ տպավորված եմ նրանով, բայց ես փորձում եմ դիտել բոլորին: Ես փորձում եմ սովորել բոլորից և մի օր օրինակ կդառնամ մյուսների համար»,- The Guardian-ին ասել է Սալիբան։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը նաև ունի թիմային նպատակներ: Առաջին հերթին սա Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսն է, բայց նա չի մոռանում մյուս գավաթների մասին։
«Իհարկե, մենք ավելի լավն ենք դարձել նախորդ մրցաշրջանի փորձի շնորհիվ: Թերևս այս անգամ մենք մի քայլ էլ առաջ կանենք: Դեռ վաղ է խոսել չեմպիոնության մասին, քանի որ մենք շարժվում ենք խաղ առ խաղ, և դա պարզ կլինի միայն մրցաշրջանի վերջում: Բայց մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում:
Կարծում եմ, որ այս տարի պայքարն ավելի դժվար կլինի, քանի որ աղյուսակի վերնամասում խտությունը շատ բարձր է։ Իհարկե տիտղոս նվաճելը ավելի դժվար կլինի, քան նախորդ տարի, բայց մենք պատրաստ ենք դրան: Մենք բոլորս մարտիկներ ենք, ցանկանում ենք հաղթել ամեն ինչ։
Սա աշխարհի լավագույն առաջնությունն է, այնպես որ այստեղ յուրաքանչյուր հանդիպում շատ ինտենսիվ է, շատ դժվար, բայց ես մանկուց երազել եմ խաղալ Պրեմիեր լիգայում, ուստի պետք է վայելեմ այն, քրտնաջան աշխատեմ և զարգանամ:
Մենք ցանկանում ենք հաղթել Պրեմիեր լիգան և ինչքան կարող ենք առաջ գնալ Չեմպիոնների լիգայում: Իհարկե, դա իրատեսական նպատակ է, քանի որ մենք միշտ խաղում ենք հաղթելու համար: Մենք չենք խաղում միայն մասնակցության կամ թվերի համար, մենք ցանկանում ենք հաղթել»։ – հավելել է Սալիբան։