Դառնալով Անգլիայի 20-ակի չեմպիոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը գովել է իր թիմին:
Երեկ երեկոյան «կարմիր սատանաները», 3:0 հաշվով հաղթելով «Աստոն Վիլլային»՝ ժամանակից շուտ հռչակվեցին չեմպիոն:
-Մենք հաղթել ենք հանդիպումների մեծ մասում, երեքն ավարտել ենք ոչ-ոքի արդյունքով, չորս խաղ պարտվել ենք, և վան Պերսիի այսօրվա երկրորդ գոլը… Այս գոլը կարելի է դնել այնպիսի հրաշալի գոլերի կողքին, ինչպիսիք նախկինում խփել են Դևիդ Բեքհեմը, Օլե Գուննար Սուլշերը, Էրիկ Կանտոնան: Այս խաղացողները միասին մի հարթակի վրա են:
Ուրախ եմ բոլոր ֆուտբոլիստների համար, ինձ համար, երկրպագուների և անձնակազմի համար: Կարող ենք երկար ժամանակ քննարկել անցած մրցաշրջանի բաց թողած տիտղոսը, սակայն վերջ ի վերջո ինչ-որ անհավանական բան է մեր կայունությունը վերջին 20 տարիներին:
Թիմը լավ համախմբված էր: Նրանք կենտրոնացած էին «Սիթիի» հետ պայքարի վրա և հաղթանակած դուրս եկան:
Կարելի՞ է վան Պերսիի գոլը համարել մրցաշրջանի լավագույն գոլը: Իմ կարծիքով սա դարի գոլն է: Վան Պերսին անհավանական էր, առաջին վեց ամիսներին նա ֆանտաստիկ մարզավիճակում էր: Կար մի շրջան, երբ նա գոլեր չէր խփում, սակայն այսօր նա անհավանական էր,- Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Սէր Ալեքսը: