«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսին ցանկություն է հայտնել երկարաձգել պայմանագիրը Պրեմիեր Լիգայի չեմպիոնների հետ:
30-ամյա հոլանդացին ընդամենը մեկ մրցաշրջան է անցկացրել «Օլդ Թրաֆորդում», որտեղ դարձավ Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկու և, վերջապես, նվաճեց չեմպիոնական մեդալը:
Ռոբինի գործող պայմանագիրը «Յունայթեդի» հետ ավարտվում է երեք տարի հետո, սակայն «Արսենալի» նախկին ավագն արդեն մտածում է նոր գործարքի մասին: Ամենայն հավանականությամբ, Վան Պերսին մտադիր է իր կարիերայի մնացած մասն անցկացնել Մանչեսթերում:
-Ես դեռ երեք տարվա պայմանագիր ունեմ, սակայն կցանկանայի երկարաձգել այն: Ես ցանկանում եմ առավելագույն չափով երկար հանդես գալ ամենաբարձր մակարդակով: Ես ընդամենն ուզում եմ տիտղոսներ նվաճել,- MUTV-ին տված հարցազրույցում հայտնել Ռոբինը:
Վան Պերսին նաև հույս է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանն իր թիմի համար հաջող կդասավորվի, քան նախորդը: Ռոբինը վստահ է, որ «Յունայթեդը» կարող է միանգամից մի քանի տիտղոս նվաճել:
-Անցած մրցաշրջանում մենք 4 հնարավոր տիտղոսներից մեկը նվաճեցինք: Այժմ մեզ պետք է դրան հակառակ կողմից նայել: Այս մրցաշրջանում մենք 5 տիտղոս նվաճելու հնարավորություն ունենք: Քանի՞սը մենք կկարողանանք ձեռք բերել: Իմ կարծիքով, մենք պետք է 2-3 տիտղոս նվաճենք,- ավելացրել է Վան Պերսին: