«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլա-Բոաշը հաստատել է, որ ամառվա ընթացքում Էմանուել Ադեբայորը հնարավորություն ուներ լքել ակումբը:
Տոգոյի հավաքականի 29-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում դեռ չի խաղացել «Տոտտենհեմում»: Օգոստոսի վերջին Էմանուելը եղբոր մահվան պատճառով մեկնեց հայրենիք, որից հետո վերադարձավ Լոնդոն և անձնական խնդիրներով կրկին ուղևորվեց Աֆրիկա: Երկուշաբթի օրը, երբ Ադեբայորը միանա «Տոտտենհեմին», նա կմարզվի ակումբի երկրորդ թիմի հետ:
Չնայած դրան, Ադեբայորը շարունակում է մնալ ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Ամռան ընթացքում Վիլաշ-Բոաշը պատրաստ էր բաժանվել Էմանուելից, սակայն վերջինս չցանկացավ հեռանալ:
-Նա հեռանալու տարբերակներ ուներ, սակայն այդ տարբերակները չհետաքրքրեցին նրան: Մենք և՛ նրան, և՛ նրա գործակալին հայտնել ենք ստեղծված իրավիճակի մասին,- պորտուգալացի մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Ադեբայորի ծառայություններով հետաքրքրված է «Տոտտենհեմի» նախկին մարզիչ Հարի Ռեդնապը, ով այժմ գլխավորում է «ՔՊՌ»-ն: Անգլիացի մարզչին արդեն հաջողվել է վարձակալել Բենուա Ասու-Էկոտոյին և Թոմ Քերոլին:
-Նա հիանալի ֆուտբոիստ է, ով մեզ շատ կօգներ: Չգիտեմ, թե ինչ է կատարվում նրա հետ,- ասել է Ռեդնապը: Sky Sports