«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակ կիսապաշտպան Վիկտոր Վանյաման հայտնել է, որ չի լքելու «Սելթիկը» տրանսֆերային պատուհանի վերջին օրը:
Վերջերս երիտասարդ քենիացու խաղը դիտելու նպատակով «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը մեկնել էր «Սելթիկ», իսկ դրանից հետո մամուլում տարածվեց տեղեկություն այն մասին, որ «մանկունյանցիները» պատրաստվում են 12 մլն ֆունտ առաջարկել Վիկտորի համար հունվարի վերջին օրերին:
Մինչդեռ Վանյաման այսօր հայտարարեց, որ ոչ մի տեղ էլ չի մեկնում: Կիսապաշտպանը, որի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը», մտադիր է ավարտել մրցաշրջանը «Սելթիկում», որն այժմ սպասում է «Յուվենտուսի» հետ երկու խաղերին:
-Կարող եմ հաստատել, որ մնում եմ «Սելթիկում»: Մենք լավ ենք խաղում և Չեմպիոնների Լիգայում հաջողության հասնելու մեր երազանքը դեռ իրական է: Այնպես որ, անհամբեր սպասում եմ «Յուվենտուսի» հետ կարևոր հանդիպմանը:
Մամուլում շատ էր խոսվում այն մասին, որ ես ձգտում եմ հեռանալ, սակայն ես այդ շշուկներին ուշադրություն չեմ դարձնում: Գլխավոր մարզիչս էլ է կարծում, որ ես պետք է ավարտեմ մրցաշրջանը «Սելթիկում»: Դրանից հետո բոլորի առջև դռները բաց կլինեն,- հայտնել է Վանյաման Daily Record-ին տված հարցազրույցում: