«Վուլվերհեմպտոնը» համաձայնել է իր թիմի ավագ Ռուբեն Նևիշին վաճառել «Ալ Հիլալին»:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Նևիշն անցյալ ամիս համաձայնեցրել է «Բարսելոնայի» հետ անձնական պայմանագրի պայմանները, սակայն կատալոնական ակումբը դեռ գումար չի գտել Ռուբենին «գայլերից» գնելու համար։
Խոչընդոտից օգտվեց «Ալ Հիլալը», որի 47 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկը 26 ամյա Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպանի համար ընդունվեց «գայլերի» կողմից, հայտնում է Sky Sports-ը:
Ինքը՝ Նևիշը, բաց է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մտքի առաջ, և անձնական պայմանագրի պայմանների համաձայնությունը համարվում է ձևականություն՝ չնայած Ռուբենի վերջին հարցազրույցին, որ նա ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում:
2022/23 թվականներին Նևիշը, ում պայմանագիրը «գայլերի» հետ ավարտվում է 12 ամսից, Պրեմիեր լիգայի 35 խաղում դարձել է 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։