Ինչպես և սպասվում էր, «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին Գարեթ Բեյլի տրանսֆերի համար Մայամիում հանդիպել է «Ռեալի» իր կոլեգա Ֆլորենտինո Պերեսին:
The Guardian-ի տեղեկություններով, «Ռեալի» ղեկավարը հաստատել է 100 մլն եվրո (86 մլն ֆունտ) վճարելու իր ակումբի պատրաստակամությունը, ինչը նոր ռեկորդ կլինի համաշխարհային ֆուտբոլում:
Լևին իր հերթին ցանկություն է հայտնել Բեյլին բաց թողնել «Սանտյագո Բեռնաբեո», սակայն միայն 100 մլն ֆունտի դիմաց: Լոնդոնցիների ղեկավարը պատրաստ է գումարի մի մասի փոխարեն ստանալ նաև «Ռեալի» հեռանկարային հարձակվող Ալվարո Մորատային:
Սակայն «Ռեալը» շատ թանկ է գնահատում Մորատային և սպասվում է, որ ավելի շուտ նրանք կավելացնեն 14 մլն ֆունտ, քան «Տոտտենհեմին» կզիջեն երիտասարդ ֆուտբոլիստին:
Ավելացնենք, որ երկու ակումբների միջև բանակցությունները չեն ավարտվել: Մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը Լևին և Պերեսը կփորձեն համաձայնության եզրեր գտնել: