«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոստովանել է, որ զարմացած է Ֆուտբոլի ասոցացիայի կայացրած որոշումից:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Ֆուլհեմի» հետ կայացած խաղի վերջնամասում Ժիրուն հեռացվեց խաղադաշտից մրցակցի պաշտպան Ստանիսլավ Մանոլևի հետ կոպիտ խաղալու համար: Դրանից հետո Ֆուտբոլի ասոցացիան երեք խաղով որակազրկեց ֆրանսիացուն:
Լոնդոնյան ակումբը բողոքարկեց Ժիրուի ստացած կարմիր քարտը, սակայն դա անօգուտ էր: Ֆուտբոլիստը բաց կթողնի Պրեմիեր Լիգայի առաջիկա երեք հանդիպումները: Անձամբ խաղացողի համար նման որոշումն անակնկալ էր:
-Զարմացած էի, որովհետև իմ գործողություններում հետին միտք չկար: Սա ինձ ցավ չպատճառեց, սակայն օրենքներն Անգլիայում իրականում շատ-շատ խիստ են,- հայտնել է Ժիրուն:
Ավելացնենք, որ Օլիվյեի բացակայությամբ հարձակվողի դիրքում կարող են խաղալ Թեո Ուոլկոտը, Լուկաս Պոդոլսկին և Ժերվինյոն: