«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան բացատրել է, թե ինչո՞ւ է հարձակվել իր պաշտպան Հարի Մագուայրի վրա։
Երեկ երեկոյան Լաս Վեգասում «Յունայթեդը» 2:3 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային»:
Նախամրցաշրջանային այս հանդիպումը հիշվեց նրանով, որ Օնանան, ով խաղադաշտում հայտնվեց երկրորդ խաղակեսում, բառացիորեն հարձակվեց Մագուայերի վրա այն բանից հետո, երբ Հարին անփույթ փոխանցում կատարեց Քրիստիան Էրիկսենին և վտանգավոր պահ ստեղծեց սեփական դարպասի մոտ։ Միայն Անդրեի անձնուրաց խաղը թույլ տվեց «Յունայթեդին» փրկվել վերահաս գոլից:
Այս ամառ «Ինտերից» գնված Օնանան իր պահվածքը բացատրում է նրանով, որ շատ պահանջկոտ է իր և թիմակիցների նկատմամբ։ 27 ամյա կամերունցին Մագուայրին համարում է «մեծ խաղացող»։
«Ես փորձում եմ շատ խոսել նրա հետ, քանի որ գիտեմ, որ նա լավ խաղացող է, նա թիմի ավագներից է: Դա կարևոր է, և նա լավ է տիրապետում գնդակին, ուստի ես նրանից շատ ավելին եմ պահանջում: Նա հիանալի տղա է և ես նրա հետ լավ հարաբերությունների մեջ եմ»:
«Ես և նա միշտ պետք է պատրաստ լինենք: Ես խոսում եմ նրա հետ, քանի որ բոլորից շատ բան եմ պահանջում, երբ խաղում եմ դարպասում: Եվ ես սկսում եմ ինձնից»:
«Մենք խաղալու ենք միասին և սխալներ հաստատ թույլ կտանք: Մենք չպետք է վախենանք սխալներից, քանի որ դա կյանքի մի մասն է, և դուք սովորում եք սխալներից: Այսպիսով, մենք պետք է շատ քննադատենք ինքներս մեզ: Եթե ցանկանում ենք մրցանակներին հաղթել, մենք պետք է շատ պահանջկոտ լինենք»:
«Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ, և ես շատ ուրախ եմ աշխատել այս տղաների հետ: Հարին հիանալի տղա է և հիանալի խաղացող: Այդ ամենը մնացել է հետևում», – Օնանայի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: