Դարպասապահ Անդրե Օնանան չի ցանկանում մեկնել Աֆրիկայի Ազգերի Գավաթի խաղարկությանը իր կարիերայի վատ մեկնարկից հետո:
Անցած ամառ «Յունայթեդը» ծախսեց մոտ 47 միլիոն ֆունտ ստերլինգ՝ «Ինտերից» Օնանային ձեռք բերելու համար: Անդրեն դարձավ Դավիդ Դե Խեային փոխարինող, ում հետ «կարմիր սատանաները» որոշեցին չերկարաձգել պայմանագիրը։
Սրան զուգահեռ Օնանան համաձայնել է վերադառնալ Կամերունի հավաքական, որտեղից հեռացվել էր Քաթարում կայացած աշխարհի առաջնության ժամանակ։
«Յունայթեդում» իր նորամուտը նշելուց հետո, 27 ամյա Օնանան 11 գոլ է բաց թողել Պրեմիեր լիգայի յոթ խաղում և 7֊ը՝ Չեմպիոնների լիգայի երկու խաղերում:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, այժմ Անդրեն չի ցանկանում մրցաշրջանի միջնամասում մեկնել Աֆրիկայի գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի Կոտ դ’Իվուարում 2024 թվականի հունվարի 13-ից փետրվարի 11-ը։
Օնանան ցանկանում է ցույց տալ իր նվիրվածությունը «Յունայթեդին» և փոխհատուցել մրցաշրջանի սկզբում թույլ տված մի շարք սխալները: