ՖԱ-ն բացատրություն է պահանջել Միկել Արտետայից և «Արսենալից»՝ նախորդ շաբաթ օրը «Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի խաղից հետո նրանց մեկնաբանությունների վերաբերյալ:
Հիշենք, որ Սենթ Ջեյմս Պարկում 1:0 հաշվով պարտությունից հետո Արտետան չափազանց բացասաբար է արտահայտվել ինչպես Անտոնի Գորդոնի գոլը հաշվելու որոշման, այնպես էլ Պրեմիեր լիգայի մրցավարության մակարդակի մասին։
Հաջորդ օրը «Արսենալը» հայտարարություն տարածեց՝ ի պաշտպանություն իրենց գլխավոր մարզչի՝ կոչ անելով մրցավարական կորպուսին շտապ քայլեր ձեռնարկել՝ բարելավելու մրցավարների աշխատանքի որակը:
Ինչպես հայտնում է The Independent-ը, Արտետան և «Արսենալը» կարող են պատժվել իրենց կոշտ արտահայտությունների համար: ՖԱ-ն գրել է և՛ գլխավոր մարզչին, և՛ ակումբին՝ բացատրություն պահանջելով:
Արտետան և «Արսենալը» 3 օր ունեն պատասխանելու համար, մինչև Ասոցիացիան որոշում կայացնի մեղադրանք ներկայացնելու մասին: