«ՊՍԺ»-ի հետաքրքրության մասին լուրերին ի պատասխան՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանը նա հաստատ անցկացնելու է լոնդոնյան ակումբում:
Հենց հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո էլ լրանում է Վենգերի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ: Դեռ բաց է այն հարցը՝ արդյոք մասնագետը նոր պայմանագիր կկնքի, թե ոչ: Սակայն Արսենի՝ ակումբից ժամկետից շուտ հեոանալու մասին խոսք լինել չի կարող:
-Պատրաստվում եմ հաջորդ խաղին և հաջորդ մրցաշրջանին «Արսենալի» հետ: Միշտ էլ մինչև վերջ աշխատել եմ իմ պայմանագրերը, և հիմա այն տարիքում չեմ, որ ձգտեմ տեղափոխությունների,- հայտնել է Վենգերը երեկ կայացած «Յունայթեդի» հետ խաղից հետո:
Միևնույն ժամանակ, «Արսենալի» սեփականատեր Ստեն Կրոենկեն վերջնականապես որոշել է ամառային տրանսֆերային բյուջեն: Վենգերն իր տրամադրության տակ ունենալու է 60 մլն ֆունտ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է L’Equipe-ը: