«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իր թիմը բոլոր հնարավորությունները կունենա Չեմպիոնների Լիգան հաղթելու համար, եթե հաղթահարի խմբային փուլի արգելքը:
Այսօր երեկոյան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում «զինագործները» կհյուրընկալեն իտալական «Նապոլիին»: Այս երկու ակումբներն էլ իրենց նախորդ խաղերում հաղթանակ են տարել և գլխավորում են F խումբը, որտեղ հանդես են գալիս նաև Դորտմունդի «Բորուսիան» և «Մարսելը»:
Ինչպես հայտնի է, տարիներ շարունակ «Արսենալին» չի հաջողվում Չեմպիոնների Լիգայում հաջողության հասնել: Սակայն Վենգերի կարծիքով, նման բարդ խմբից փլեյ-օֆֆ դուրս գալը կարող է թիմի հետագա հաջողությանը նպաստել:
-Ես չունեմ Չեմպիոնների Լիգայի հաղթողի տիտղոսը, և շատ կցանկանայի որ իմ նվաճումների շարքում այն ևս լիներ: Սակայն ամեն մրցաշրջանում ստիպված ես լինում խաղալ «Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի» և «Բավարիայի»` մրցաշարի մշտական ֆավորիտների դեմ:
Եթե մենք փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճենք, ապա ես կասեմ, որ մենք կունենանք տիտղոսը նվաճելու հնարավորություն: Սակայն դրա համար մենք պետք է մեր ուժը դրսևորենք,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: