«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։
Գործարքն արժեցել է 47 մլն ֆունտ։ 25-ամյա բրազիլիացին, որն այժմ Ռուսաստանում մասնակցում է աշխարհի առաջնությանը, 4 տարվա պայմանագիր է ստորագրել մանկունյանցների հետ։ Պայմանագիրը ներառում է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
-«Յունայթեդը» աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է և ես հպարտ եմ այս թիմի մի մասը դառնալու համար,֊ ասել է Ֆրեդը։
Ավելացնենք, որ 2013 թվականից Ուկրաինայի առաջնությունում Ֆրեդը մասնակցել է 157 հանդիպման՝ դառնալով 15 գոլի հեղինակ։ Այդ ընթացքում նա Շախտյորին օգնել է երեք անգամ դառնալ Ուկրաինայի առաջնության չեմպիոն, երեք անգամ՝ լիգայի գավաթակիր և չորս անգամ՝ Ուկրաինայի սուպերգավաթակիր։