Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Արսենալի» տրանսֆերային ցուցակում։
«Շախտյորում» խաղալու ժամանակ մեր հայրենակիցը մոտ էր Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն։ Մխիթարյանի տրանսֆերի համար բանակցություններ էին վարում «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը»։
The Guardian պարբերականի հաղորդմամբ, վերջին շրջանում «Արսենալի» սկաուտները մշտապես հետևում են Հենրիխի խաղին, իսկ ակումբում տեսանյութերի միջոցով ուսումնասիրում են նրա տեխնիկա-տակտիկական կարողությունները։
Այս ամառ 27-ամյա Մխիթարյանին դժվար ընտրություն է սպասվում «Բորուսիայի» հետ պայմանագիրը երկարաձգելու և իրեն այլ լիգայում փորձելու հնարավորության միջև։ Հաշվի առնելով, որ Հենրիխի պայմանագիրը գերմանական ակումբի հետ կլրանա հաջորդ տարի՝ այս ամառ տրանսֆերային առաջարկների պակաս չի ունենա։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանի արդյունավետությունը նկատել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգեր։ Սպասվում է, որ այս ամառ լոնդոնյան ակումբը մի քանի համալրում կունենա դաշտի կենտրոնում, քանի որ լրանում են Միկել Արտետայի, Մաթյո Ֆլամինիի և Տոմաշ Ռոսիցկու պայմանագրերը, իսկ Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը, ամենայն հավանականությամբ, կհեռանա։