Ալեխանդրո Գարնաչոն նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը նախատեսված է մինչև 2028 թվականը։
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի ապրիլի 28-ին, Գարնաչոն իր նորամուտը նշեց «Յունայթեդի» առաջին թիմում։ Այդ ժամանակից ի վեր Ալեխանդրոն հսկայական աճ է գրանցել:
Այս մրցաշրջանում 18 ամյա Գարնաչոն 31 հանդիպում է անցկացրել «կարմիր սատանաների» կազմում և նույնիսկ անցյալ ամիս հրավիրվել է Արգենտինայի հավաքական, թեև նա չկարողացավ միանալ իր երկրի հավաքականին կոճի վնասվածքի պատճառով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Յունայթեդը» բաց չի թողել Գարնաչոյին Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքական, որպեսզի Ալեխանդրոյին օգտագործի հունիսի 3-ին կայանալիք Անգլիայի գավաթի եզրափակիչ հանդիպմանը:
«Երբ ես միացա այս անհավանական ակումբին, ես երազում էի իմ դեբյուտի մասին, խաղալ Օլդ Թրաֆորդում, խփել իմ առաջին գոլը և տիտղոսներ նվաճել այս մարզաշապիկով»:
«Ես շատ հպարտ և ոգևորված եմ, որ ապրել եմ այս պահերը՝ ընտանիքիս հետ միասին, ովքեր աջակցել են ինձ յուրաքանչյուր կատարածս որոշման համար»:
«Մենք բոլորս ոգևորված ենք «Մանչեսթեր Յունայթեդում» մեր արկածները շարունակելու հնարավորությամբ, և ես արդեն սկսել եմ աշխատել իմ հաջորդ նպատակների և ամբիցիաների ուղղությամբ»:
«Մարզիչն ու նրա անձնակազմը օգնում են ինձ ամեն կերպ կատարելագործվել, և նրանց աջակցությամբ ես ամեն օր զարգանում եմ, որպեսզի օգնեմ թիմին հաջողության հասնել»:
«Ես անհամբեր սպասում եմ ապագային, որ ավելի յուրահատուկ պահեր ստեղծեմ այս թիմի հետ՝ մեր հիանալի երկրպագուների համար»,- ասել է Գարնաչոն։